AM
30 Մայիս 2017 - 13:03 AMT

Թուրքերի պատասխանը «Խոստումին» տապալվել է անգամ Թուրքիայում

Հոլիվուդյան աստղերի մասնակցությամբ նկարահանված «Օսմանյան լեյտենանտը» ֆիլմը տապալվել է նաև Թուրքիայում: Այս մասին թուրքական Sabah թերթի սյունակում գրում է հոդվածագիր Մևլյութ Թեզելը:

Հոլիվուդի նշանավոր դերասաններ Բեն Քինգսլիի, Ջոշ Հարթնեթի, Միխիլ Հյոյսմանի մասնակցությամբ նկարահանված ֆիլմի դեպքերը զարգանում են 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին: Ֆիլմում հիմնական պատմությունը զարգանում է թուրք սպայի, ամերիկացի բժշկի և ամերիկացի բուժքրոջ սիրային եռանկյունու շուրջ, իսկ հետին պլանում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցող իրադարձություններն են, որոնք ներկայացնում են թուրքական իշխանությունների պաշտոնական թեզերը:

Թեզելի խոսքով՝ չնայած ֆիլմից սպասելիքները մեծ էին, սակայն Հոլիվուդում բացասական արձագանք ստացած թուրք-ամերիկյան արտադրության ֆիլմը քննադատեցին նաև թուրք կինոքննադատները:

40 միլիոն բյուջեով «Օսմանյան լեյտենանտը» ցուցադրվել է 250 կինոթատրոնում և առաջին 3 օրվա ընթացքում ֆիլմը դիտել է 25.413 մարդ:

«Ֆիլմը ամերիկացի հանդիսատեսից ավելի շատ թուրքերին պետք է գրավեր, սակայն դա էլ չեղավ: «Օսմանյան լեյտենանտը» Թուրքիայում ցուցադրության առաջին 3 օրերին հավաքել է 88. 656 դոլար, իսկ ԱՄՆ-ում՝ 149.830 դոլար: Կարճ ասած 40 միլիոն դոլարը նետեցին աղբարկղը»:

Թեզելի կարծիքով՝ ֆիլմի անհաջողությունը պայմանավորված է մարքեթինգային և նկարահանման ընթացքում կատարված սխալներնով: Թեզելի համազմամբ՝ այդ սխալներից մեկն էլ ռեժիսորի՝ Ջոզեֆ Ռուբենի ընտրություններ էր, գրում է Ermenihaber.am-ը:

Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» (The Promise) ձախողվել է ԱՄՆ կինովարձույթում ցուցադրության 24 օրում՝ ապրիլի 21-ից մայիսի 14-ը ընդամենը $8.18 մլն հավաքելով, ինչը ֆիլմի նկարահանման բյուջեի 10 տոկոսն էլ չի կազմում:

Ֆիլմի հեղինակները հայտարարել էին 100-միլիոնանոց բյուջեի մասին, սակայն Box Office Mojo կինոկայքում նշված է $90 մլն բյուջե:Մինչդեռ, Հայաստանում ֆիլմը կինովարձույթի առաջատարն է: Երկրի բոլոր կինոթատրոններում «Խոստումը» գլխավորել է կինովարձույթը կամ մտել է առաջատարների եռյակում՝ առաջ անցնելով «Ֆորսաժ 8»-ից: