AM
2 Հունիս 2017 - 07:40 AMT

Թուրքիայից ՌԴ ներմուծվող մթերքի սահմանափակումները հանվել են

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր է ստորագրել, որով չեղարկվում են Թուրքիայից մթերքների ներմուծման սահմանափակումները:

Արգելված մթերքների ցուցակից հանել են սառեցված միսը, հավն ու հնդկահավը, մարինացված վարունգը, խնձորը, տանձը, խաղողը, մորին ու ելակը։

Սահմանափակումը դեռևս չի հանվել լոլիկից, հայտնում էInterfax.ru-ն:

2015-ի նոյեմբերի 30-ին ՌԴ Կառավարության որոշմամբ հաստատվել է Թուրքիայից ներկրվող գյուղմթերքի, հումքի ու պարենի ցուցակը, որոնց ներկրումը Ռուսաստան արգելված է 2016-ի հունվարի 1-ից:

Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել էր ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։

Սակայն անցյալ տարվա ամռան սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ռուսական իշխանություններից կատարվածի համար, ինչին հաջորդել են երկու երկրների հարաբերությունների վերականգնման աշխատանքները։