Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Հայկի Տալվիտիեն այսօր Երեւանում հայտարարել է, որ «ուղղակիորեն չի ներգրավվելու» Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Ֆին դիվանագետի խոսքերով, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, անհրաժեշտության դեպքում նա կաջակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ձեւաչափին: Տալվիտիեն նշել է, որ «հակամարտության լուծումը պետք է գտնվի տարածաշրջանում, իսկ միջազգային կազմակերպությունները կարող են միայն աջակցություն ցույց տալ ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործմանը»: Հիշեցնենք, որ Հարավային Կովկասում ԵՄ-ի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Հայկի Տալվիտիեն 1995-1996 թվականներին զբաղեցնում էր Լեռնային Ղարաբաղի հարցով Մինսկի կոնֆերանսի համանախագահի պաշտոնը: