AM
6 Հունիս 2017 - 12:33 AMT

Հետազոտություն. Ծանր ապահարզանը քայքայում է երեխայի առողջությունը

Եթե ծնողները հոգեբանական տեսակետից ծանր ապահարզանի են դիմում, ապա նրանց երեխաները 3 անգամ ավելի հաճախ են հիվանդանում նույնիսկ արդեն մեծ տարիքում: Հետազոտությանը մասնակցել է 200 մեծահասակ, որոնց միտումնավոր մրսածության վիրուսի ազդեցության են ենթարկել, որի արդյունքում պարզվել է, որ վաղ սթրեսը երկարաժամկետ բացասական ազդեցություն է ունենում մարդու իմունային համակարգի վրա՝ ավելացնելով բորբոքային պրոցեսների հավանականությունը:

Ամերիկյան Քարնեգի-Մելոն համալսարանի գիտնականները պնդում են, որ տագնապային վիճակը մանկական հասակում կարող է ազդել կյանքի հետագա 40 տարում հիվանդություններից նրա խոցելության վրա: Փորձի ժամանակ առողջ կամավորների կարանտինի տակ են պահել, իսկ հետո ազդել են նրանց վրա վիրուսով, որը սովորական մրսածություն է առաջացնում: Բոլորին հետևել են 5 օր, գրում է Medikforum-ը:

Այն կամավորները, որոնց ծնողները ծանր ապահարզանի միջով են անցել, ավելի քան 3 անգամ հաճախ են հիվանդացել, քան նրանք, ում ծնողները պահպանել են ամուսնական հարաբերությունները կամ բաժանվել են առանց սկանդալների:

Նախորդ հետազոտությունները ցույց էին տվել, որ մեծահասակները, ում ծնողները բաժանվել են, երբ իրենք դեռ երեխա էին, ընդհանրապես ավելի թույլ առողջություն ունեն: Սակայն գիտնականներին հստակ հայտնի չէ, թե հատկապես ինչն է այդպիսի կապի պատճառ դառնում:

Այս հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ իմունային համակարգը ընտանեկան բախումների երկարաժամկետ բացասական ազդեցության կարևոր փոխադրիչ է: Բացի այդ, ապացուցվել է, որ ոչ բոլոր ապահարզաններն են ազդում երեխայի առողջության ու հոգեկանի վրա, և ծնողները կարող են են այդ ազդեցությունը նվազագույնի հասցնել, եթե սկանդալների չգնան: