AM
13 Հունիս 2017 - 08:14 AMT

Սան Ֆրանցիսկոյի վերաքննիչ դատարանն արգելափակել է ներգաղթի մասին Թրամփի օրինագիծը

ԱՄՆ վարչակազմը հերթական պարտությունն է կրել դատարանում: Հունիսի 12-ին Սան Ֆրանցիսկոյի վերաքննիչ դատարանն արգելափակել է ներգաղթի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրինագիծը, որով կասեցվում էր 6 մահմեդական երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ:

«Նույնիսկ նախագահի համար ներգաղթը մեկ դերասանի թատրոն չէ»,-ասվում է համապատասխան որոշման մեջ, գրում է Deutsche Welle-ն:

Այդպիսով, դատարանը գրեթե լիովին հաստատել է ստորին ատյանի Հավայի դատարանի որոշումը, որը չեղարկել էր Թրամփի հրամանագիրը: Մայիսին նմանատիպ որոշում էր կայացրել Վիրջինիայի վերաքննիչ դատարանը:

Ըստ հավանականության, դիմակայությունը վերջնական լուծում կստանա ԱՄՆ Գերագույն դատարանում: Հունիսի սկզբին արդարադատության նախարարությունը դիմել էր գերագույն դատական ատյան ներգաղթի հրամանագրի գործողությունը վերսկսելու միջնորդությամբ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփը 120 օրով դադարեցրել է փախստականների ընդունումը և իր վարչակազմին հանձնարարել է այդ ժամկետում վերանայել Միացյալ Նահանգներում փախստականի կարգավիճակի տրամադրման ընթացակարգը: Փաստաթղթում նշված է, որ 120 օրվա ընթացքում պետքարտուղարը ներքին անվտանգության նախարարի հետ, ազգային հետախուզության տնօրենի հետ կոնսուլտացիաներից հետո, պետք է վերանայեն գոյություն ունեցող կանոնները և որոշեն, թե դրանք վնաս չեն հասցնում արդյոք ԱՄՆ-ի անվտանգությանը: Հրամանագրում ընդգծված է, որ նոր կանոնները չեն վերաբերի նրանց, ովքեր արդեն փախստականի կարգավիճակի տրամադրման դիմում են տվել։