AM
13 Հունիս 2017 - 11:21 AMT

Հայաստան կժամանի Տաջիկստանի նախագահը

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի 14-15-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:

Այցի շրջանակներում նախատեսված են Տաջիկստանի նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ:

Հանրապետության նախագահի նստավայրում հայ-տաջիկական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Էմոմալի Ռահմոնը ԶԼՄ-ների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարությամբ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

2016-ի հոկտեմբերին Էմոմալի Ռահմոնը Հայաստան էր ժամանել Երևանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցելու նպատակով: Սերժ Սարգսյանը նրա հետ հանդիպմանն ասել էր, որ միջպետական հարաբերությունները զարգացնելու դինամիկա կա, որն անհրաժեշտ է երկուստեք հետևողականորեն խորացնել ու ամրապնդել: ՀՀ նախագահն ընդգծել էր, որ Հայաստանում սիրով սպասում են Էմոմալի Ռահմոնի պաշտոնական այցին, որը համագործակցության նոր և բազմաթիվ պայմանավորվածությունների սկիզբ կհանդիսանա: