Լոնդոնի բարձրահարկ բազմաբնակարան շենքում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի: Նման տվյալներ է հրապարակել Լոնդոնի ոստիկանության ներկայացուցիչը՝ ելույթ ունենալով լրագրողների առջև:
«Ցավով պետք է հաստատեմ, որ 12 մարդ է զոհվել»,-ասել է ոստիկանության ներկայացուցիչը՝ չբացառելով, որ զոհերի մասին տվյալները դեռ վերջնական չեն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հրդեհը Լոնդոնի բազմահարկում տեղի է ունեցել հունիսի լույս 14-ի գիշերը: Սկզբում հայտարարվել էր 6 զոհի մասին, 74 տուժած տեղափոխվել է հիվանդոց:
Ըստ հրշեջների, տուժել է մոտ 120 ընտանիք: Տարհանվածները ժամանակավոր տեղավորվել են մոտակա հասարակական կենտրոններում, մզկիթներում, եկեղեցիներում: Պատահարի վայրում հրշեջ աշխատանքները կշարունակվեն դեռ առնվազն 24 ժամ, իսկ բռնկման պատճառների պարզաբանումը բավական ժամանակ կպահանջի:
Yahoo News-ը նշել է, որ բնակիչները նախկինում բողոքել են բնակության վտանգավոր պայմաններից: Մասնավորապես, 2014-ին նրանք դիմել են հրշեջ ծառայություն շենքում կատարված վերանորոգման կապակցությամբ: Մարդիկ ուշադրություն էին հրավիրել այն հանգամանքին, որ շենքը միայն մեկ մուտք ունի և բռնկման դեպքում հրշեջներին դժվար կլինի ներս մտնել:
Բացի այդ, բնակիչները կարծում են, որ կրակը շատ արագ է տարածվել արտաքին հարդարման համար օգտագործված պլաստիկի մեծ քանակության պատճառով:






