AM
19 Հունիս 2017 - 06:51 AMT

Ֆրանսիայի նորընտիր խորհրդարան 3 ֆրանսահայ է ընտրվել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ Հանրապետություն» կուսակցության կազմում Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում միանգամից 3 ֆրանսահայ է ընտրվել: Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ֆրանսիահայ հասարակական գործիչ Արման Ավագյանը:

«Այսօր ավելի քան կես միլիոնանոց ֆրանսահայ համայնքի պատմության մեջ նոր և մեծ էջ բացվեց: Սա պատմության մեջ առաջին անգամն է, որ միանգամից այսքան հայ է ընտրվել պատգամավորներ», – գրել է Ավագյանը:

Խորհրդարան անցած պատգամավորներն են Ժակ Մարիլոսյանը՝ Փարիզից, Դանիել Կազարյանը՝ Լիոնից, 30-ամյա Գիյոմ Կասբարյանը ՝ Շարտր քաղաքից։ Նրա խոսքով՝ ևս մեկ պատգամավոր՝ Նադյա Եսայանը, որի ամուսինն է հայազգի, ևս ընտրվել է Վիերզոն քաղաքից։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունը հաղթել է Ազգային ժողովի ընտրություններում։ Կուսակցութան ներկայացուցիչները ստացել են ստորին պալատի 577 տեղերից 308-ը, և ևս 42 մանդատ բաժին կհասնի դաշնակից MoDem կուսակցությանը։ «Հանրապետականներ» կուսակցությունը ստացել է 113 մանդատ, Սոցիալիստական կուսակցությունը՝ 29, իսկ Մարին Լե Պենի «Ազգային ճակատը» կունենա 8 մանդատ։