AM
19 Հունիս 2017 - 06:47 AMT

Իսրայելի իշխանությունները կքանդեն սահմանապահին սպանած պաղեստինցիների տները

Իսրայելի ուժայինները պատրաստվում են քանդել Երուսաղեմի կենտրոնում կին սահմանապահին սպանած պաղեստինցիների տները: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուն՝ հավելելով, որ կձեռնարկվեն նաև այլ միջոցներ:

Հունիսի 16-ին Հորդանանի Արևմտյան ափի 3 բնակիչ, դանակներով, ատրճանակով և գնդացրով զինված, գրոհել են սահմանապահ ոստիկանության մարտիկներին, և մահացու վիրավորում հասցրել 23-ամյա սահմանապահ աղջկան: Նրանք ոչնչացվել են պատասխան կրակով:

«Հունիսի 16-ից անվտանգության ուժերը գործում են այն գյուղում, որտեղից էին ահաբեկիչները, և պատրաստվում են քանդել նրանց տները»-ասել է Նեթանյահուն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ահաբեկիչների տների ցուցադրական քանդումը Իսրայելի իշխանությունների այն միջոցներից են, որոնք ձեռնարկվում են կասեցնելու համար պաղեստինցիների բռնությունը, որի հերթական ալիքը վերջին 1,5 տարում մոտ 40 մարդու կյանք է խլել: Բացի տները քանդելուց Իսրայելն ահաբեկիչների հարազատներին զրկում է Իսրայելում աշխատելու իրավունքից: Պաղեստինցիներն ու նրանց սատարող իրավապաշտպանները դատապարտում են նման գործողությունները՝ անվանելով դա հավաքական պատիժ: