Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեն կոչ է անում Եվրահանձնաժողովին և Եվրամիության անդամ երկրներին պաշտոնապես կասեցնել կազմակերպությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները: Այդ մասին ասվում է Թուրքիայի վերաբերյալ Եվրախորհրդարանի ամենամյա զեկույցում:
«Հաշվի առնելով Թուրքիայում հանրաքվեի արդյունքներն ու նախագահի լիազորությունների ընդլայնումը՝ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեն կոչ է անում անհապաղ պաշտոնապես կասեցնել Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները, եթե սահմանադրական փոփոխությունների փաթեթն ընդունվի առանց փոփոխության»,-ասվում է փաստաթղթում:
Պարզաբանվում է, որ կոմիտեի անդամները գործնականում միաձայն են քվեարկել բանաձևի նախագծի համար: Ակնկալվում է, որ փաստաթուղթը ԵԽ ամբողջ կազմի քվեարկությանը կդրվի հուլիսյան ընդլայնված նստաշրջանում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ, մայիսի վերջում Էրդողանը պահանջել էր, որ Եվրամիությունը (ԵՄ) Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների ազատականացման հարցում իր խոստումը կատարի, բացի դրանից Էրդողանը ասել է, որ Եվրոպան Թուրքիայի ԵՄ հարցում պետք է արդեն որոշում կայացնի և Թուրքիային «մատների վրա չխաղացնի»։
Թուրքիայում ապրիլի 16-ին կայացած հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 51.41 տոկոսը կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին, իսկ 48.59 տոկոսը՝ դեմ: Փոփոխությունների փաթեթով նախատեսվում է անցում կառավարման նախագահական համակարգի, իսկ երկրի նախագահին չափազանց լայն լիազորություններ են տրվում:






