AM
21 Հունիս 2017 - 09:58 AMT

Բարզանիի հետևորդները նոր քրդական կուսակցություն են հիմնում Թուրքիայում

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մեսուդ Բարզանիի քաղաքական գծի հետևորդ մի խումբ քաղաքական գործիչներ Թուրքիայում մտադիր են քրդական կուսակցություն հիմնել:

Գործիչները հավաքվել են Դիարբեքիրում և ավարտին են հասցրել կուսակցության կանոնադրության շուրջ աշխատանքները: Կուսակցությունը կոչվելու է Քրդստանի ժողովրդավարական կուսակցություն: Ռամադանի ավարտից հետո ակնկալվում է, որ կուսակցության գրանցման հարցով դիմում կներկայացվի Թուրքիայի ներքին գործերի նախարարություն, հայտնում է Արցախպրեսը թուրքական «Հուրիեթ»-ի վրա հղումով:

Նշվում է, որ Թուրքիայի քրդաբնակ շրջաններում Քրդիստանի ժողովրդավարական կուսակցությունը դառնալու է գործող Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության այլընտրանքը:

Թուրքիայում արդեն գործում է քրդական մի քանի կուսակցություն: Ժողովրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ) ներկայացված է Թուրքիայի խորհրդարանում: Թուրքիայի հիմնականում քրդաբնակ հարավարևելյան հատվածում տեղական քաղաքականությունը վարում է ԺԴԿ-ի քույր կուսակցության՝ Դեմոկրատական շրջանների կուսակցությունը (ԴՇԿ): Իսկ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը փաստացի զինված պայքար է մղում թուրքական իշխանությունների դեմ: