Իսրայելը մի գործընթաց է սկսել, որը թույլ կտա հայտարարել Վրաստանը մի երկիր, ուր կարելի է անահապաղ արտաքսել այնտեղից եկած ներգաղթյալներին: Այդ մասին հայտարարել է Իսրայելի Քնեսեթի ներքին գործերի հանձնաժողովի նիստում ներքին գործերի նախարար Արյե Դերին: Նա հայտարարել է, որ ներգաղթյալները, որոնք ապօրինի են Իսրայելի տարածք սողոսկել, միայն աֆրիկյան երկրներից չեն:
Նա հայտնել է, որ Իսրայելում 39.000 ապօրինի ներգաղթյալ կա Աֆրիկայից (առանց երեխաների), 18.000 խնամող, որոնք չեն հեռացել Իսրայելից, և 79.000 զբոսաշրջիկ Վրաստանից ու Ուկրաինայից, որոնք մնացել են երկրոմ:
Նախարարն ասել է, որ ավտոբուսներն այսպես կոչված զբոսաշրջիկներին միանգամից օդանավակայանից տանում են ապաստանի համար դիմելու, իսկ դրանից հետո հնարավոր չէ զբոսաշրջիկին արտաքսել մինչ հայտի քննարկումը, ինչը բավականին ժամանակ է պահանջում:
«2016-ին սկսել ենք մի գործընթաց, որը թույլ կտա Վրաստանը հայտարարել երկիր, ուր կարելի է առանց սահմանափակումների արտաքսել այնտեղից ժամանած ապօրինի ներգաղթյալներին: Արագացված կարգ է մշակվում, որը թույլ կտա մի քանի օրվա ընթացքում մերժել նրանց ապաստանի հայտը: Վրաստանում մարդկանց խաբում են՝ նրանցից 5000-ական դոլար են վերցնում Իսրայելում աշխատանք խոստանալով, իսկ ժամանելուն պես ուղարկում են ապաստանի հայտ ներկայացնելու: Մենք բացատրական աշխատանքներ ենք սկսել Վրաստանում, նույնը կարվի Ուկրաինայում»,-ասել է Արյե Դերին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Նախարարը հայտնել է նաև, որ 2016-ից ի վեր Իսրայել ապօրինի 16 մարդ է եկել, իսկ 2017-ին՝ ոչ մի: «Այդ ընթացքում երկրից մեկնել է 5000 ապօրինի ներգաղթյալ: Իսրայելը հստակ քաղաքականություն է վարում՝ երկիրը չի կարող ընդունել ապօրինի ներգաղթյալների, որոնք աշխատանք են փնտրում, բացառություն են կազմում փախստականները Դարֆուրից»:






