AM
23 Հունիս 2017 - 08:08 AMT

Աստանայից ու Բիշքեկից ասում են՝ զինվորներին Սիրիա ուղարկելու առաջարկ ՌԴ-ից չեն ստացել

Ղազախստանի ԱԳՆ ղեկավար Կայրատ Աբդրահմանովը հայտարարել է, որ իր երկիրը ոչ ոքի հետ չի բանակցում զինծառայողներին Սիրիա ուղարկելու հարցի շուրջ:

Նա նշել է, որ Սիրիայի ապառազմականացման գոտիներում անվտանգության ապահովման հարցն այժմ Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների իրավասության շրջանակում է՝ ՌԴ-ի, Թուրքիայի, Իրանի, որոնք էլ կքննարկեն հարցը հուլիսի 4-5-ն Աստանայում կայանալիք հանդիպմանը:

Աբդրահմանովը նաև հավելել է, որ Ղազախստանի համար սկզբունքային հարց է ՄԱԿ ԱԽ բանաձևի և համապատասխան մանդատի առկայությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը հայտարարել էր, որ ռուսական կողմն առաջարկել է Սիրիայի ապառազմականացման գոտիներ զինվորականներ ուղարկել Ղրղզստանից և Ղազախստանից: Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Վլադիմիր Շամանովը հաստատել է, որ ՌԴ-ն բանակցում է այդ երկու երկրների հետ զոնվորականներին Սիրիա գործուղելու շուրջ:

Ղրղզստանի իշխանություններն իրենց հերթին հայտարարել են, որ դեռևս ոչ մի առաջարկ չեն ստացել զինծառայողներին Սիրիա ուղարկելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ԱԽ քարտուղար Տեմիր Ջումակադիրովը:

«Պաշտոնական առաջարկներ չեն ստացվել»,-ասել է նա: Նա հավելել է, որ հարցն արծարծվել է ՀԱՊԿ հարթակում: «Խոսքը կազմակերպության խաղաղապահ զորակազմի ստեղծման մասին է եղել, որը հնարավոր կլիներ գործուղել Սիրիայի ապառազմականացման գոտիներ»,-ասել է նա:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ-ն բանակցություններ է վարում Ղազախստանի ու Ղրղզստանի հետ Սիրիայի խաղաղված տարածքներ երկիրների զինվորական ստորաբաժանումներ ուղարկելու հարցով: Այս մասին է հայտարարել Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Շամանովը: Նա նշել է, որ վերջնական որոշում դեռ չկա, ու միաժամանակ ընթանում են քննարկումներ Թուրքիայի հետ:

Ղազախստանն ու Ղրղզստանը ՌԴ, ՀՀ, Տաջիկստանի ու Բելառուսի հետ մեկտեղ ՀԱՊԿ անդամներ են: Դաշինքի այլ անդամների, այդ թվում` ՀՀ հետ Սիրիա զինծառայողներ ուղարկելու վերաբերյալ բանակցությունների մասին չի հայտարարվել: