Երևանում՝ ԵՊՀ մարզահամալիրի մեծ դահլիճում, ժայռամագլցման մեծ պատ է բացվել:
«Այդ ժայռամագլցման կենտրոնի նմանը տարածաշրջանում չկա, քանի որ այն պատրաստվել է միջազգային սերտիֆիկատներով, բացի այդ, իր բարձրությամբ ու ժայռամագլցային ուղիների բարդությամբ այս պատը հնարավորություն կտա Հայաստանում միջազգային մակարդակի մրցումներ անցկացնել: Պատը մագլցման բարդության աստիճանով միջազգային ստանդարտների է համապատասխանում», – PanARMENIAN.Net-ին հայտնեց Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը:

Նա հավելեց, որ մագլցման պատի քարերը և դրանց հետևի հարթակները հատուկ ստանդարտներով են դրված, ինչը թույլ է տալիս դիմել ժայռամագլցման միջազգային ֆեդերացիային՝ այստեղ միջազգային մրցումներ անցկացնելու թույլտվություն ստանալու համար:
Դանիելյանի խոսքով, 12 մետրանոց պատը կառուցելու համար Իրանից մասնագետների են հրավիրել. «Մենք հրավիրել ենք Իրանի ալպինիզմի և ժայռամագլցման ֆեդերացիայի սերտիֆիկացված հրահանգիչներին, նրանք վերջին 10 տարվա մեծ հաջողությամբ ժայռամագլցման պատեր են կառուցում աշխարհում: Նման պատ կառուցելը շատ թանկ արժե, սակայն մեր հարևաններն ինքնարժեքով են կառուցել, նույնիսկ մի քանի բաղադրիչ են նվիրաբերել, որ այդ սպորտաձևը զարգանա տարածաշրջանում»:
Ալպինիզմի ֆեդերացիայի նախագահության անդամ Սուրեն Ստեփանյանը հայտնեց, որ պատի վրա նախատեսվում է միջազգային մրցումներ անցկացնել արդեն 2017-ի հոկտեմբերի վերջին:

«Այս պատը ծրագրի միայն մեկ մասն է: Դրա կողքը լինելու է արագության համար նախատեսված ժայռամագլցային պատ, նաև բոուլդերինգի պատ (bouldering, 4-մետրանոց պատ՝ ուժային ու տեխնիկական բաղադրիչների համադրումով), իսկ արդեն կառուցվածը բարդության բաղադրիչներն ունի: Քանի որ սպորտային ժայռամագլցումը 2020-ին արդեն լինելու է Օլիմպիական խաղերում, հույս ունենք մինչև այդ մասնակցել ռեյթինգային մրցումների:
Հավանաբար, Երևանում մրցումները կանցկացվեն Իրանից ու Վրաստանից մարզիկների մասնակցությամբ: Մենք էլ պետք է լավ մարզվենք, որպեսզի ուժեղ թիմ ձևավորվի», – ասաց Ստեփանյանը:

Ինչո՞վ է սպորտային մագլցումը տարբերվում դրսում ժայռամագլցումից: Ինչի՞ց սկսել և որտե՞ղ փորձել: Ժայռամագլցման ին՞չ խնդիրներ կան Հայաստանում:
PanARMENIAN.Net-ը զրուցել է մագլցողների հետ ու գտել այդ հարցերի պատասխանները:






