AM
18 Հուլիս 2017 - 10:27 AMT

ՄԻԵԴ-ը հրատապության կարգով է քննելու Թուրքիայի քրդամետ կուսակցության առաջնորդների դիմումը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) առաջնորդների՝ Սելահաթթին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեքդաղի ներկայացրած բողոքները հրատապության կարգով քննության է առել:

Ստրասբուրգում գտնվող եվրոպական դատարանը թուրքական կառավարությունից պաշտպանություն է պահանջել՝կապված քրդամետ կուսակցության առաջնորդների կալանավորման օրինականության հարցի հետ, գերմանական Deutsche Welle-ին հղումով գրում է Արցախպրեսը:

ԺԴԿ անդամների անունից ՄԻԵԴ դիմում էր ներկայացվել մարտին ու ապրիլին: Դիմումների մեջ եվրոպական դատարանից պահանջել էին քննել հարցը հրատապության կարգով: ՄԻԵԴ-ը հավանություն է տվել այդ պահանջին:

Կուսակցության առաջնորդներ Սելահաթթին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեքդաղի պատգամավորական անձեռնմխելիությունը 2016 թվականի մայիսին հանվել էր, իսկ նոյեմբերի 4-ին նրանք «հանցանք գործելու նպատակով խմբավորում հիմնելու», «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու», «զինված հանցախմբի անդամ լինելու» և «հանցախմբի անունից հանցանք գործելու» հիմնավորումներով ձերբակալվել, ապա արդեն կալանավորվել էին: Ավելի ուշ Յուքսեքդաղը նաև զրկվել էր պատգամավորական մանդատից ու կուսակցության համանախագահությունից: