Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է Մոսուլի ճակատամարտի ավարտի մասին և կոչ է արել թուրքական զորքերին հեռանալ երկրից: Այդ մասին հայտնել է քրդական Rudaw հեռուստաալիքը:
Իրաքի վարչապետն ավելի վաղ պաշտոնապես հայտարարել էր Մոսուլում «Իսլամական պետության» հանդեպ տարած հաղթանակի մասին: Գրոհայիններն ավելի քան 3 տարի վերահսկում էին Մոսուլը: Ամերիկացի գեներալ Սթիվեն Թաունսեդն իր հերթին հայտարարել է, որ գրոհայիններից Մոսուլի ամբողջական ազատագրման համար ևս մի քանի շաբաթ կպահանջվի:
«Իրաքի վարչապետը կոչ է արել թուրքական զորքերին նահանջել և հեռանալ Իրաքից՝ հայտարարելով, որ Մոսուլի ճակատամարտն ավարտված է»,-ասվում է Twitter-ում հրապարակված հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Բաղդադի և Անկարայի հարաբերությունները վատթարացան 2015-ի վերջում, երբ Թուրքիան առանց Իրաքի իշխանությունների թույլտվության զորքեր մտցրեց Մոսուլից ոչ հեռու գտնվող Բաշիկա շրջանը՝ ԻՊ դեմ պայքարում իրաքցի աշխարհազորայիններին օգնելու պատրվակով: Բաղդադը բազմիցս է կոչ արել Թուրքիային դուրս բերել զորքերը՝ ներխուժումը համարելով ինքնիշխանության խախտում:






