Գերմանիայի խորհրդարանում քննարկել են Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հարցը:
Քննարկմանը Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության պատգամավորներից Մայքլ Բրենդը հայտարարել է, որ եթե Թուրքիան շարունակի իր հակաժողովրդավարական պահվածքը, պետք է կիրառել համապատասխան պատժամիջոցներ՝ զերծ պահելով գերմանական ընկերություններին Թուրքիայում ներդրումներ անելուց, հաղորդում է DW-ն:
Գերմանիայի հանրային ARD հեռուստաընկերության նախաձեռնությամբ Infratest dimap ընկերության կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ գերմանացիների 80%-ը կողմ է Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ սահմանելուն:
Բրենդը նշել է, որ եթե Թուրքիան մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իր սխալներն ուղղելու համար որևէ քայլ չձեռնարկի՝ Գերմանիան չպետք է քաշվի նման քայլեր ձեռնարկելուց:
2017թ. հուլիսի 5-ին Ստամբուլի Բյույուքադա կղզում մի սեմինարի համար հավաքված 10 իրավապաշտպան առանց որևէ հիմնավորման ձերբակալվել էին: Ավելի ուշ ձերբակալվածներից 4-ն ազատ արձակվեց՝ երկրից չհեռանալու պայմանով: Մյուս 6-ը կալանավորվեց: Կալանավորվածների մեջ էր նաև գերմանացի իրավապաշտպան Պետեր Շտոյդները: Այս հանգամանքը Գերմանիայի և Թուրքիայի միջև նոր լարվածության պատճառ հանդիսացավ: Գերմանիայի արտգործնախարար Սիգմար Գաբրիելը հայտարարեց Թուրքիայի նկատմամբ քաղաքականության վերանայման և այդ երկրի նկատմամբ հնարավոր տնտեսական պատժամիջոցների կիրառման մասին:






