Դերասան Ջորջ Քլունին կնոջ՝ Ամալի հետ մտադիր են $2,25 մլն նվիրաբերել Լիբանանում բնակվող սիրիացի փախստական երեխաների համար 7 դպրոցի զարգացմանը: Այդ մասին ասվում է Քլունիների ընտանիքի ֆոնդի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Չենք կարող մեզ թույլ տալ մի ամբողջ սերունդ կորցնել միայն այն պատճառով, որ նրանք ծնվել են անհարմար պահի անհարմար վայրում, – ասվում է Քլունիի հայտարարության մեջ, որը վերջերս երկվորյակների հայր էր դարձել: – Հազարավոր երիտասարդ սիրիացիներ մեր հասարակության լիարժեք անդամ չդառնալու ռիսկի տակ են: Դպրոցի կրթությունը նրանց կօգնի փոխել կյանքը»:
Նախագծին ֆոնդից բացի մասնակցում են Google ու HP ընկերությունները, որոնք կապահովեն ուսումնական հաստատությունները տեխնիկայով: Ընդհանուր առմամբ, ավելի քան $3 մլն կհատկացվի:
Նախագիծը ղեկավարող ՅՈւՆԻՍԵՖ-ի հայտարարության համաձայն, լիբանանյան կողմն արդեն գնահատել է հոլիվուդյան աստղի մտադրությունը: Երկրի կրթության նախարար Մարվան Համադեն հայտարարել է, որ Բերյութը «խորապես շնորհակալ է» Քլունիին այդ քայլի համար:
Սիրիայի պաշարված գոտիներում մոտ 700.000 մարդ է ապրում, որից 300.000-ը, ըստ գնահատականների, երեխաներ են, և շարունակում են մնալ պաշարման մեջ: Մոտավորապես 5 մլն մարդ, այդ թվում՝ 2 մլն երեխա, ապրում է մարդասիրական օգնությունը տեղ հասցնելու առումով ծայրահեղ դժվար հասանելի վայրերում՝ կռիվների, վտանգների և սահմանափակ հասանելիության պատճառով: Այդ մասին վկայում ենՅՈւՆԻՍԵՖ-ի տվյալները:
Եմենի մոտ 10 մլն բնակիչ սննդամթերքի կարիք ունի, շատերը սովամահության եզրին են: Նրանց թվում 2,2 մլն երեխա կա:






