Արցախի խորհրդարանը կգումարի հատուկ նիստ՝ նվիրված նախագահի պաշտոնի ստանձնմանը: Դա սահմանադրության պահանջն է: Այդ մասին հայտարարել է ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն իր հրավիրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Հատուկ նիստը կգումարվի սեպտեմբերի 7-ին:
Արցախի Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում սեպտեմբերի 5-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ:
Կանոնակարգային դրույթներին համապատասխան, հրապարակվել է ԱԺ նախագահի հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձման համար Սահմանադրությամբ նախատեսված ժամկետը և «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 149-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջները՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը գումարվելու է 2017-ի սեպտեմբերի 7-ին, ժամը 12:00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում»:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև նոր նստաշրջանի նախապատրաստական աշխատանքների` օրենսդրական նախագծերի պատրաստվածության ու միջխորհրդարանական կապերի բնագավառում սպասվող ծրագրերի վերաբերյալ, հայտնում է ԱՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Արցախի Հանրապետության նախագահ է վերընտրվել Բակո Սահակյանը: Քվեարկությունը տեղի է ունեցել խորհրդարանի հուլիսի 19-իհատուկ նիստի ժամանակ:
Արցախի Ազգային ժողովի հատուկ նիստին մասնակցել է 32 պատգամավոր։ Նրանցից 28-ը նախապես հայտարարել է, որ քվեարկելու է Բակո Սահակյանի օգտին, իսկ 4 պատգամավոր քվեարկել է ընդդիմադիր թեկնածու, «Շարժում 88» խմբակցության ղեկավար, Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանի օգտին:
Ընթերցեք նաև.ՀՀ քաղաքական վերնախավը շնորհավորել է Բակո Սահակյանին՝ Արցախի նախագահ վերընտրվելու կապակցությամբ






