AM
9 Սեպտեմբեր 2017 - 08:34 AMT

Հզոր «Իռմա» փոթորիկը մոտենում է Ֆլորիդային

Հզոր «Իռմա» փոթորիկը մոտենում է Ֆլորիդային, իշխանություններն արդեն հրահանգել են տարհանել 5,6 մլն բնակչի, դա նահանգի բնակչության մեկ քառորդն է: Սեպտեմբերի լույս 9-ի գիշերը փոթորկի ուժգնությունը հասել է առավելագույն նիշին:

Ակնկալվում է, որ փոթորիկը, որն ամենահզորներից է Ատլանտիկայում վերջին 100 տարում, Ֆլորիդա կհասնի սեպտեմբերի 10-ի առավոտյան՝ ավերածություններ և հեղեղումներ բերելով իր հետ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Այժմ փոթորիկը Կուբայի հյուսիսային հատվածի մոտ է, որտեղ գտնվում է մայրաքաղաք Հավանան՝ քամու արագությունը հասնում է ժամում 250 կմ: Մոտ 50. 000 զբոսաշրջիկ է հեռացել կղզուց մոտեցող փոթորկի պատճառով:

Ֆլորիդոյում հրահանգվել է լքել տները հարավի, ինչպես նաև բավարար ամրություն չունեցող տների բնակիչներին:

«Ժամանակը սուղ է: Եթե դուք գտնվում եք տարհանման գոտում, անմիջապես մեկնեք: Սա աղետալի փոթորիկ է, նմանը դեռ չի եղել նահանգում»,-ասվում է նահանգապետ Ռիկ Սքոթի ուղերձում: «Հիշեք, մենք կարող ենք վերականգնել ձեր տունը, բայց չեն վերադարձնի ձեր կյանքը»:

Վերջին տվյալներով, փոթորկից 21 մարդ է զոհվել:

Փոթորկի հետևանքով փլուզվել են Բարբուդայի գրեթե բոլոր շենքերն ու շինությունները, Պուերտո Ռիկոն մնացել է առանց էլեկտրականության: Մեծ ավերածություններ են եղել Բրիտանական Վիրգինյան կղզիներում, ինչպես նաև Սեն Մարտեն, Սեն Բարտելեմի և Սենթ Կիթս ու Նևիս կղզիներում: