Ահաբեկչական «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորումը ստանձնել է սեպտեմբերի 15-ին Լոնդոնի մետրոյում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը, գրում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով:
Սեպտեմբերի 15-ին Լոնդոնի մետրոյի Parsons Green կայարանում, որը Լոնդոնի արևմտյան մասում է, պայթյուն է որոտացել: Ըստ ականատեսների, ռումբը պայթել է դույլի մեջ, որը փաթեթով դրված է եղել գնացքի վագոնում: Պայթյունի հետևանքով 22 մարդ է տուժել:
Բրիտանիայի իշխանությունները հայտարարել են, որ կատարվածը դիտարկում են որպես ահաբեկչություն: Ընդ որում, Մեծ Բրիտանիայի ՊՆ հակաահաբեկչական ստորաբաժանման նախկին ղեկավար, գեներալ-մայոր Չիպ Չապմանը հայտարարել է, որ գործարկված պայթուցիկ սարքը նման չէ ԻՊ գրոհայինների կողմից կիրառվող սարքերին:






