AM
27 Սեպտեմբեր 2017 - 09:29 AMT

Սաուդյան Արաբիայում կանայք կկարողանան մեքենա վարել

Սաուդյան Արաբիայի իշխանությունները մտադիր են ապագայում թույլ տալ կանանց մեքենա վարել:

Թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդին սեպտեմբերի 26-ին հանձնարարել է կառավարությանը նոր կանոններ մշակել, որոնց համաձայն վարորդական իրավունքներ կտրվեն ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց: Նորամուծությունը պետք է ստանա հատուկ կոմիտեի հավանությունը, որին անդամակցում են տարբեր նախարարությունների ներկայացուցիչներ, գրում է Deutsche Welle-ն:

Սաուդյան Արաբիան այս պահի դրությամբ աշխարհի միակ երկիրն է, որտեղ կանայք իրավունք չունեն ինքնուրույն մեքենա վարել: Արգելքը փաստորեն գործում է 1990-ից, թեև ամրագրված չէ տեղական օրենքներում:

Ավելի վաղ բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ տեղական ոստիկանությունը ձերբակալել է կանանց, որոնք մեքենա են վարել: Պահպանողական իսլամական հոգևորականությունը հետևողականորեն դեմ է հանդես գալիս արգելքի վերացմանը: