AM
28 Սեպտեմբեր 2017 - 08:33 AMT

Քրդական հանրաքվեի կազմակերպիչները կհետապնդվեն օրենքով

Իրաքի գլխավոր դատախազությունը երկրի իշխանություններից պահանջել է այն անձանց ցուցակը, որոնք կազմակերպել են սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում անցկացված անկախության հանրաքվեն, նրանց օրենքով հետապնդելու համար: Այդ մասին հայտարարել է Իրաքի դատական իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչ Աբդել Սաթթար Բերեքդարը:

Ավելի վաղ Իրաքի խորհրդարանը հաստատել էր հանրաքվեի կազմակերպիչների դեմ դատավարություն սկսելու իշխանությունների մտադրությունը: Խոսքը նաև Իրաքյան Քրդստանի բազմամյա նախագահ Մասուդ Բարզանիի մասին է:

«Գլխավոր դատախազութունը պահանջում է ազգային անվտանգության նախարարությունից և համապատասխան կառույցներից դիմումներ ուղարկել սահմանադրությունը և գերագույն դատարանի որոշումը խախտած անձանց անուններով՝ վերջիններիս դեմ օրինական միջոցներ ձեռնարկելու նպատակով»,-ասվում է հայտարարության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ նախնական տվյալների Իրաքյան Քրդստանի հանրաքվեի մասնակիցների 93%-ն այո է ասել անկախությանը, որն անցկացվել է սեպտեմբերի 25-ին: Պաշտոնական տվյալները կհրապարակվեն սեպտեմբերի 28-ին: Հանրաքվեին մասնակցել է 3,3 մլն մարդ: Պաշտոնական Բաղդադն ապօրինի է համարել հանրաքվեն:

Արցախի Հանրապետությունը ողջունում է Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը: