Ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը վերականգնման ենթակա չէ: Այդ մասին հայտարարել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը լրագրողների հետ զրույցում։
Նախարարն ընդգծել է, որ Ալեքսանյանի անվան կոչումը պետք է հարիր լինի մարզիկի ստացած կոչումներին և հանրապետությանը մատուցած ծառայություններին, հայտնում է Aysor.am-ը:
«Ժամանակակից այնպիսի մարզական կենտրոն պիտի սարքենք, որը հարիր լինի այդ անվանը։ Մեզ համար հեշտ տարբերակ էր վերանորոգել այդ դպրոցը։ Իմ կարծիքով՝ այն վերանորոգման ենթակա չէ. ջրահեռացման գլոբալ խնդիրներ կան։ Հեշտ տարբերակ կլիներ՝ կոսմետիկ փոփոխություններ անել, բայց այդ դեպքում 2-3 տարի հետո մարզադպրոցի պատկերը ներկայիս վիճակից շատ չէր տարբերվի», – ասել է նախարարը։
Հրաչյա Ռոստոմյանն ընդգծել է, որ ամենաուշը 40 օրվա ընթացքում ՀՀ նախագահին կներկայացվի Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի գծագիրը։
Ամառային 31-րդ Օլիմպիական խաղերի չեմպիոն, 98 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ճանաչվել է ՀՀ 2016 թ. լավագույն մարզիկ:






