ԱՄՆ-ն հետաձգել է Diversity Visa Lottery 2019-ի (Green Card) հայտերի ընդունումը տեխնիկական խնդիրների պատճառով, որոնք ի հայտ են եկել ծրագրի մեկնարկից անմիջապես հետո:
Էկվադորում ԱՄՆ դեսպանության կայքում ասվում է, որ տեխնիկական անսարքությունների պատճառով DV-2019 գրանցման շրջանը նորից է սկսվում և 2017-ի հոկտեմբերի 3-ից լրացված բոլոր հայտերը հարկ կլինի ևս մեկ անգամ լրացնել, գրում է lb.ua-ն:
Գրանցման շրջանը կմեկնարկի 2017-ի հոկտեմբերի 18-ին և կավարտվի նոյեմբերի 22-ին:
Խաղարկությանը մասնակցելու համար առցանց գրանցումները մեկնարկել էին հոկտեմբերի 3-ին, սակայն մի քանի օր անց գործընթացը կասեցվեց՝ պարզվեց, որ ավելի վաղ ներկայացված հայտերը զրոյացվել են:
Այսպիսով՝ եթե մարդը հայտ է ներկայացրել մինչև 2017-ի հոկտեմբերի 18-ը, այն հաշվի չի առնվում: Նոր հարցաթերթիկը դուբլիկատ չի համարվի և չի որակազրկվի: Սակայն գրանցման նոր շրջանում մեկ հայտից ավելի ներկայացված անձինք կորակազրկվեն:
Մնացած բոլոր պահանջները վիճակահանության մասնակիցների համար կմնան անփոփոխ:






