Հռոմի ոստիկանությունը պարզել է «Լացիոյի» այն 20 երկրպագուի ինքնությունը, որոնք հակասեմական բնույթի սթիկերներ են փակցրել «Կալյարիի» հետ խաղի ժամանակ:
Հռոմեական «Լացիո» ֆուտբոլային ակումբի երկրպագուները հայտնի են իրենց ծայրահեղական հայացքներով, որոնց պատճառով ակումբը բազմիցս է պատժամիջոցների ենթարկվել:
12 երկրպագուի արդեն մեղադրանք է ներկայացվել և արգելվել է 5 տարի այցելել մարզական միջոցառումներն Իտալիայի տարածքում: Եվս մեկ 46-ամյա երկրպագու հեռացվել է 8 տարով, քանի որ մեկ անգամ արդեն խախտել էր արգելքը, հայտնում է Eurosport-ը Corriere dello sport-ի վրա հղումով:
Հոկտեմբերի սկզբին «Սասուոլոյի» հետ խաղի ժամանակ ակումբի երկրպագուների ռասիստական բղավոցների պատճառով «Լացիոյին» արգելվեց տոմսեր վաճառել երկրպագուների համար հատուկ հատկացված տրիբունաներում 2 խաղի՝ հոկտեմբերի 22-ին «Կալյարիի» և նոյեմբերի 5-ին՝ «Ուդինեզեի» հետ խաղերի համար: «Կալյարիի» հետ խաղի ժամանակ երկրպագուներին այնուամենայնիվ հաջողվել էր մարզադաշ մտնել՝ տեղեր զբաղեցնելով բաց տրիբունայում: Իրենցից հետո նրանք տրիբունայում են թողել հակասեմական բնույթի բազում սթիքերներ՝ Երկրորդ համաշխարհայինի տարիներին նացիստների զոհ դարձած հրեա աղջկա՝ Աննա Ֆրանկի, պատկերներով: Սթիքերներից մեկի վրա աղջիկը պատկերված է «Ռոմայի» մարզաշապիկով:
Ընթերցեք նաև. «Լացիոն» կստիպի իր ագրեսիվ երկրպագուներին Օսվենցիմ այցելել