AM
28 Հոկտեմբեր 2017 - 11:47 AMT

CNN-ի հաղորդավարի՝ Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնվելու փաստը՝ Washington Post-ում

Washington Post-ն անդրադարձել է Արցախ այցելելու համար CNN-ի հաղորդավար, շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենի՝ Ադրբեջանի տխրահռչակ «սև ցուցակում» ընդգրկվելու լուրին:

«Էնթոնի Բուրդենը իր խոհարարական Parts Unknown հաղորդման պատրաստման համար ճանապարհորդել է ամբողջ աշխարհում, բայց Ռուսաստանի և Իրանի միջև գտնվող նավթով հարուստ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունը նրան դարձրել է persona non grata իր երկրում: Ո՞րն է նրա մեղքը. վիճելի տարածք՝ Լեռնային Ղարաբաղ այցելելը», -գրում է պարբերականը:

Պարբերականի փոխանցմամբ՝ Արցախ այցելելու համար Ադրբեջանի «սև ցուցակում» է հայտնվել մոտ 700 հոգի: Ցուցակում ընդգրկված են պետական գործիչներ, ԵՄ պաշտոնյաներ, լրագրողներ և քաղաքացիական ակտիվիստներ:

Անդրադառնալով Արցախյան կոնֆլիկտի արմատներին՝ պարբերականը գրում է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Արցախն անկախություն է հռչակել, և 1992-ին լայնամասշտաբ պատերազմ է բռնկվել Հայաստանի և Ադրբեջանի միջև:

«1994-ին Ռուսաստանի միջնորդությամբ զինադադար է հայտարարվել կողմերի միջև: Կոնֆլիկտի ընթացքում, ընդհանուր առմամբ, 25․000 ադրբեջանցի և հայ է զոհվել»-, գրում է պարբերականը: