2017 թվականը կարող է 3 ամենաշոգ տարիներից մեկը համարվել եղանակի դիտարկումների պատմության մեջ՝ էքստրեմալ եղանակի ռեկորդային ցուցանիշներով: Այդ մասին ասվում է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (WMO) փորձագետների նախնական հայտարարության մեջ, որը հրապարակվել է նոյեմբերի 6-ին՝ Բոննում կլիմային նվիրված ՄԱԿ խորհրդաժողովի բացման օրը:
Ըստ հայտարարության, միջին գլոբալ ջերմաստիճանը 2017-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին մոտ 1,1 աստիճանով բարձր է նախաինդուստրիալ դարաշրջանի նմանատիպ ցուցանիշից: Կլիմայական փոփոխությունները և այնպիսի երևույթները, ինչպիսիք են փոթորիկներն ու հեղեղումները, բարձր ջերմային ֆոնն ու երաշտը, ազդում են մարդու անվտանգության, բարեկեցության և շրջակա միջավայրի վրա, գրում է Deutsche Welle-ն:
Ընդհանուր առմամբ 2013-2017թթ. ամենատաք 5-ամյակն է դիտարկումների պատմության մեջ, ընդ որում ամենատաք տարի հավանաբար կհամարվի 2016-ը, Էլ Նինյոի հզոր երևույթի պատճառով, իսկ 2015-ն ու 2017-ը 2-րդ ու 3-րդ տեղում կհայտնվեն:
Կլիմայական փոփոխությունների հիմնական պատճառն, ըստ WMO գլխավոր քարտուղար Պետերի Թաալասի, «մարդու գործունեության արդյունքում ջերմոցային գազերի ավելացումն է»:
WMO հայտարարության մեջ գլխավոր սպառնալիքների թվում նշված են պարենային անվտանգությունը զարգացող երկրներում, հիվանդությունների և մահացության ընդհանուր ռիսկը բարձր ջերմային ֆոնի պատճառով, ինչպես նաև փախստականների աճը: Այժմ մոլորակի բնակչության մոտ 30 տոկոսն ապրում է էքստրեմալ կլիմայական պայմաններում:






