Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Ցեղասպանության ճանաչումը սկզբունքային հարց է Ուկրաինայի հայ համայնքի համար: Այդ մասին հայտարարել է ուկրաինացի վերլուծաբան, պատմաբան Մաքսիմ Ցարենկոն:
«Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հանգում է իր տրամաբանական լուծմանը, այդ մասին վկայում են խորհրդարանականների շրջանում այս քայլի կողմնակիցների աճող քանակը, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ճանաչման աջակցությանն ուղղված բազմաթիվ կոչերը, նաև ԶԼՄ-ներում հարցի նկատմամբ մեծ ուշադրությունը» – հայտնում է AnalitikaUA.net-ը:
Ըստ Ցարենկոյի, դրա համար խթան է հանդիսանում Ուկրաինայի հայերի միության կողմից մշտապես իրականացվող իրազեկման աշխատանքը:
Փորձագետը նշել է, որ 2015 թ. սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը դեկտեմբերի 9-ը ընդունել է Ցեղասպանության զոհերի հիշատակման և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր, իսկ մեկ տարի անց` Կիևում տեղի ունեցավ Ուկրաինայի և Հայաստանի ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարի (հուշարձանի) բացման և օծման արարողությունը:
«Փաստացի ՄԱԿ-ի որոշումից հետո Կիևի խաչքարը առաջին հուշարձանն է», – ընդգծել է Ցարենկոն:
Հայոց ցեղասպանությանն առնչվող թեմատիկ միջոցառումներ պարբերաբար անցկացվում են Ուկրաինայի բոլոր մարզերում: Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ` երկու տարվա ընթացքում երկրի տարբեր մարզերում տեղադրվել են ավելի քան 10 խաչքարեր: ևս 10 խաչքար շուտով տեղադրվելու է երկրի տարբեր քաղաքներում:






