Քնելուց առաջ սնվելը ոչ միայն նպաստում է ավելորդ քաշի առաջացմանը, այլ նաև բարձրացնում է սրտանոթային հիվանդությունների և դիաբետի զարգացման վտանգը: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Experimental Physiology ամսագրում:
Մեքսիկայի Ազգային ինքնավար համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են վնասակար ճարպերի՝ տրիգլիցերիդների, մակարդակն առնետների արյան մեջ, որոնց կերակրել են օրվա տարբեր ժամերին: Կենդանիների առաջին խումբը կերակրվել է սովորական ռեժիմով, իսկ մյուս խմբին լրացուցիչ կերակրել են քնելուց առաջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Էքսպերիմենտի արդյունքում պարզվել է, որ կրծողների երկրորդ խմբի մոտ արյան մեջ ճարպերի քանակը զգալիորեն բարձր է: Գիտնականները նշում են, որ նման ցուցանիշները զգալիորեն ավելացնում են դիաբետի և սրտի հետ կապված հիվանդությունների զարգացման հավանականությունը:
Ըստ գիտնականների, առնետների վերաբերյալ ստացված տվյալները կիրառելի են նաև մարդու համար: Մասնագետները խորհուրդ են տալիս չանտեսել սեփական կենսաբանական ժամացույցն ու չծանրաբեռնել օրգանիզմը սնունդով այն ժամանակ, երբ վերջինիս ժամանակ է պետք հանգստի համար:






