Ժամանակն է հրաժեշտ տալ Իտալիայի ֆուտբոլը ղեկավարող «մումիաներին»: Այսպիսի հայտարարություն է արել «Սասուոլոյի» պաշտպան, Իտալիայի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ Ֆաբիո Կանավարոյի կրտսեր եղբայրը՝ Պաոլո Կանավարոն՝ խոսելով ԱԱ-2018-ին մասնակցությունից Իտալիայի զրկվելու մասին:
«Մենք այսօր չէ, որ կորցրել ենք աշխարհի առաջնությունը: Դա դեռ 15 տարի առաջ տեղի ունեցավ, երբ մեր տղաներին անարդարացիորեն անտեսում էին և հավաքական էին կանչում ամբողջ աշխարհի անհաջողակներին: Մենք նրանց փող ու փառք էինք տալիս, շնորհակալություն դրա համար մեր մարզիչներին, որոնք նախկինի պես լավագույնն են աշխարհում: Հուսով եմ, որ հասնելով հատակին, մեր ֆուտբոլը կբարեփոխվի: Ժամանակն է հրաժեշտ տալ իտալական ֆուտբոլը կառավարող մումիաներին, որոնք խանգարում են երիտասարդ տղաներին: Հեռացեք»,-գրառում է կատարել Կանավարոն Instagram-ում, հայտնում է Championat.com
«Հուսով եմ, դուք վերջին անգամ էիք արտասվում մեր ֆուտբոլի համար: Մենք սատարում ենք երիատասարդ Իտալիային, որը գալու է: Մենք կվերադառնանք, որ ամբողջ աշխարհը նախանձի»,-ասվում է Կանավարոյի գրառման մեջ:
Իտալիայի հավաքականը ոչ ոքի է խաղացել Շվեդիայի հետ և զրկվել 2018-ի աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից:Հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին Միլանում և ավարտվել է 0:0 հաշվով: Այսպիսով Իտալիան, որն աշխարհի քառակի չեմպիոն է, 1958-ից առաջին անգամ չի մասնակցի աշխարհի առաջնությանը: