Իսրայելի հնագետները Հալիլեում եզակի մի խճանկար են հայտնաբերել, որի գրությունները վկայում են այն մասին, որ կնոջ կարգավիճակը վաղ քրիստոնեության շրջանում շատ ավելի բարձր է եղել, քան համարվում էր մինչ օրս:
Գիտնականների պեղած V դարի հատակի խճանկարը հավերժացրել է ոմն Սուսաննայի հիշատակը, որը ֆինանսավորել է եկեղեցու կառուցումը: Այդ գրությունը 3 բյուզանդական եկեղեցիներում հայտնաբերված 7 գրություններից մեկն է: Շինությունները հայտնաբերել են հնագետներ Մորդեհայ Ավեամն ու Յակոբ Աշկենազին, հայտնում է ՌԻԱ Նովոստին Times of Israel-ի վրա հղումով:
Գիտնականներին զարմացրել է, որ Սուսաննան հիշատակվում է առանց ամուսնու կամ հովանավորի, ինչպես ընդունված էր Հռոմեական կայսրությունում կամ Բյուզանդիայում: Ըստ հետազոտողների, դա հաստատում է, որ կանայք շատ բարձր կարգավիճակ են ունեցել վաղ քրիստոնեական համայնքներում: Մինչ այս հայտնագործությունը, այդ տեսությունը հաստատում էին միայն որոշ նահատակ կանանց պատմությունները, որոնք հանուն քրիստոնեություն ընդունելու բաժանվում էին իրենց բարձրաստիճան ամուսիններից:
«Մենք եկել ենք եզրակացության, որ Սուսաննան անկախ կին էր, որը գումար է նվիրաբերել եկեղեցու համար»,-հայտարարել են հնագետները:






