Բրյուսելում մտահոգված են Ադրբեջանում մարդու իրավունքների և ԶԼՄ-ների ազատության հետ կապված խնդիրներով, գրում է Deutsche Welle-ն:
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում ընթանում է Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովը, որի շրջանակում ստորագրվելու է Հայաստանի և ԵՄ հարաբերությունների նոր շրջանակային փաստաթղթի` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
Գագաթնաժողովում քննարկվելու են նաև Ադրբեջանի հարաբերությունները Եվրամիության հետ: ԵՄ և Ադրբեջանի միջև բանակցությունները նոր շրջանակային համաձայնագրի մասին դեռ ընթանում են: Բրյուսելը հաճախ է մատնանշում Ադրբեջանում մարդու իրավունքների և մամուլի ազատության հետ կապված խնդիրների առկայությունը, գրում է պարբերականը:
Միջազգային կազմակերպությունները բազմիցս են հայտարարել Ադրբեջանում մարդու իրավունքների և սեփականության իրավունքի կանոնավոր խախտումների մասին: Սեփականության իրավունքի միջազգային ալյանսի վարկանիշում Ադրբեջանը 115-րդ տեղում է 127 երկրից, իսկ Freedom House-ի Աշխարհում ազատության վիճակի վարկանիշում՝ 188-րդն է 210 երկրից:






