Ավելի քան 200 հայկական ձեռնարկություններ իրենց արտադրանքը կներկայացնեն ընթացիկ տարվա սեպտեմբերի 27-ին Ամերիկյան Գլենդել քաղաքում բացվող “Made in Armenia. Expo-2002” հայկական արտադրության ապրանքների ցուցահանդեսին: ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանի խոսքերով` դա իր ներկայացուցչությամբ եւ նշանակությամբ աննախադեպ միջոցառում կլինի հայկական բիզնեսի համար: Այդ մասին է վկայում եւ այն փաստը, որ անցյալ տարվա Գլենդելի ցուցահանդեսին մասնակցել են Հայաստանի միայն 25 ձեռնարկություն: Ցուցահանդեսին ամերիկացի արտադրողները եւ սպառողները հնարավորություն կստանան ծանոթանալ Հայաստանի տնտեսության գյուղատնտեսական, վերամշակման, շինարարական, ոսկերչական, հաստոցաշինական բնագավառների արտադրանքին: Չի բացառվում նաեւ Հայաստանի եւ ԱՄՆ ձեռներեցների միջեւ նոր գործընկերային շփումների հաստատումը: