Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի կողմնաիցները փորձել են գրավել Կիևի Հոկտեմբերյան պալատի շենքը:
Ակտիվիստները կոտրել են մուտքի դուռը, և հաղթահարելով ազգային գվարդիայի դիմադրությունը, որոնք բարիկադներ են սարքել ներսում, շենք են մտել: Իրավապահները կրակմարիչներն են գործի դրել: Ցուցարարները դուրս են բերել գվարդիականներին շենքից, 32 ուժային է տուժել:
Հոկտեմբերյան պալատը զավթելու փորձի փաստով ոստիկանությունը քրգործ է հարուցել: Ուկրաինացի պատգամավոր Անտոն Գերաշչենկոն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ շենքում գրոհի պահին ամանորյա ներկայացում էր ընթանում, որին հարյուրավոր երեխաներ էին մասնակցում, գրում է ՌԻԱ Նովոստին:
Սահակաշվիլիի կողմնակիցները գրոհից հետո նրա հորդորով սկսել են դուրս գալ Հոկտեմբերյան պալատից և վերադարձել են մայդան: Ինքը Սահակաշվիլին հայտարարել է, որ դա իշխանությունների սադրանքն էր, իսկ ինքը մտադիր չէր գրավել Հոկտեմբերյան պալատը: Նա հայտարարել է, թե մտադիր էր միայն Հոկտեմբերյան պալատի սենյակներից մեկում միջոցառում անցկացնել քաղբանտարկյալների կանանց մասնակցությամբ:






