AM
18 Դեկտեմբեր 2017 - 07:29 AMT

Իսրայելում մտադիր են մահապատիժ սահմանել ահաբեկիչների համար

Իսրայելի կառավարությունը մտադիր է մահապատիժ սահմանել ահաբեկիչների համար: Համապատասխան օրինագիծը դեկտեմբերի 17-ին համաձայնեցրել են իշխող կոալիցիայի անդամ 6 կուսակցության առաջնորդները:

«Օրենքը շատ պարզ և հստակ պետք է լինի՝ ահաբեկիչը, որն անմեղ մարդկանց է սպանում, պետք է մահվան դատապարտվի»,-ասվում է երկրի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության հայտարարության մեջ, գրում է Deutsche Welle-ն AFP-ի վրա հղումով:

Օրենքի ուժ ստանալու համար օրենսդրական նախաձեռնությունը պետք է հավանության արժանանա Իսրայելի խորհրդարանում 4 ընթերցումից հետո: Դեռևս հայտնի չէ, թե օրինագիծը երբ կդրվի պատգամավորների քննարկմանը:

Իսրայելում մահապատիժ է սահմանված 2 հոդվածով՝ մարդկայնության դեմ հանցագործություններ և պետական դավաճանություն: Վերջին անգամ մահապատիժն այդ երկրում կիրառվել է 1962-ին, երբ մահապատժի ենթարկվեց նացիստական հանցագործ Ադոլֆ Էյհմանը: