Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է Պաղեստինում Թուրքիայի դեսպանատուն բացել Արևելյան Երուսաղեմում: «Մոտ է այն օրը, երբ մենք այնտեղ մեր դեսպանատունը կբացենք»,-ասել է նա՝ ելույթ ունենալով Ազատության և զարգացման կուսակցության անդամների առջև:
Արևելյան Երուսաղեմում թուրքական առաքելություն բաղցելու հստակ ժամկետ Էրդողանը չի նշել: Դա Թուրքիայի պատասխանն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը, որը միակողմանի կարգով Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք, ուր Թել Ավիվից կտեղափոխվի ԱՄՆ դեսպանատունը, գրում է Deutsche Welle-ն:
Թրամփի գործողություններն անկարգությունների ալիք բարձրացրեցին Երուսաղեմում և Պաղեստինի տարածքում: Դեկտեմբերի 13-ին Թուրքիայի նախագահն Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողով հրավիրեց, որտեղ Արևելյան Երուսաղեմը հռչակվեց Պաղեստինի մայրաքաղաք:
Երուսաղեմի կարգավիճակը պաղեստինա-իսրայելյան հակամարտության անկյունաքարերից է: Իսրայելը Երուսաղեմի արևելյան և արևմտյան մասերը համարում է «անբաժան մայրաքաղաք», իսկ պաղեստինցիներն Արևելյան Երուսաղեմը համարում են իրենց ապագա պետության մայրաքաղաքը:






