ԱՄՆ-ն վետո է դրել Երուսաղեմի կարգավիճակի մասին ՄԱԿ բանաձևի վրա, որով մերժվում էր ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու փաստը: Եգիպտոսի առաջարկած փաստաթղթի վերաբերյալ քվեարկությունը կայացել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում դեկտեմբերի 18-ին:
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին բանաձևի քննարկումն ԱԽ-ում վիրավորանք է անվանել, որը «անհնար է մոռանալ»: Որպես Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմը ճանաչելը եղել է ԱՄՆ ինքնիշխան որոշումը, որը «լիովին համապատասխանում է» նախկինում ընդունված ՄԱԿ բանաձևերին, ասել է Հեյլին: ԱԽ մյուս 14 անդամը հավանություն է տվել փաստաթղթին, գրում է Deutsche Welle-ն:
Բանաձևով առաջարկվում էր իրավաբանորեն անվավեր ճանաչել բոլոր այն որոշումները, որոնք փոխում են Երուսաղեմի կարգավիճակը: Բացի այդ, խորն ափսոսանք է հայտնվում Երուսաղեմի կարգավիճակի մասին «վերջին որոշման» կապակցությամբ: Սակայն, Թրամփի որոշումն առանձին չի հիշատակվել:
Թրամփի գործողություններն անկարգությունների ալիք բարձրացրեցին Երուսաղեմում և Պաղեստինի տարածքում: Դեկտեմբերի 13-ին Թուրքիայի նախագահն Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողով հրավիրեց, որտեղ Արևելյան Երուսաղեմը հռչակվեց Պաղեստինի մայրաքաղաք:Երուսաղեմի կարգավիճակը պաղեստինա-իսրայելյան հակամարտության անկյունաքարերից է: Իսրայելը Երուսաղեմի արևելյան և արևմտյան մասերը համարում է «անբաժան մայրաքաղաք», իսկ պաղեստինցիներն Արևելյան Երուսաղեմը համարում են իրենց ապագա պետության մայրաքաղաքը:






