Բավքի ծանր հանցագործությունների դատարանը հրապարակել է այսպես կոչված «Նարդարանի գործ-2» -ով մեղադրյալների դատավճիռները:
Գործով անցնում են «Մահմեդական միասնություն» շարժման փոխնախագահ Էլչին Ղասիմովն ու ևս 11 հավատացյալ, հայտնում է contact.az-ը:
Ղասիմովը վարչական կալանքի էր ենթարկվել 2015-ի նոյեմբերի 5-ին: Նարդարանում «Մահմեդական միասնություն» շարժման առաջնորդ Թալեհ Բագիրզադեի և նրա կողմնակիցների դեմ հատուկ գործողությունից հետո նրանց մեղադրեցին իշխանությունը զավթելու փորձի, ահաբեկչության, զանգվածային անկարգություններ նախապատրաստելու և այլ ծանր հանցագործությունների մեջ:Նույնատիպ մեղադրանքներով ձերբակալվել են նաև գործի այլ մասնակիցները:
Դատարանը դատապարտել է Էլչին Ղասիմովին, Աղալի Յահյաևին 15 տարվա ազատազրկման, Ռամիլ Ալիևին՝ 14 տարվա ազատազրկման, Նահիդ Ղահրամանովին՝ 13 տարվա, Էլգյուն Ախունդովին, Իսա Իբրահիմովին, Վյուսալ Ալիշին, Ֆարհադ Մուրադովին՝ 12,5 տարվա ազատազրկման:
Սեյմուր Ասլանովը, Սեյֆադդին Շիրվանովը, Ալի Շահբազովը և Ամիրլի Ալիևը դատապարտվեցին 12 տարի և 3 ամիս ազատազրկման:
Բոլոր դատապարտյալները հերքել են մեղադրանքները և հայտարարել, որ իրենց դեմ կտտանքներ են կիրառվել նախաքննության ժամանակ՝ խոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով:
Փաստաբանները հայտարարել են նախաքննության և դատավարության ընթացքում բազում խախտումների մասին:
Նարդարանի իրադարձությունների գործով արդեն իսկ ազատազրկման երկարատև ժամկետների էր դատապարտվել մեղադրյալների 2 մեծ խումբ՝ 18 և 12 անձից բաղկացած: Եվս մոտ 50 մարդ դատապարտվել է թմրանյութերի ապօրինի շրջանառման և հասարակական կարգը խախտելու մեղադրանքով՝ 2-6 տարվա կալանավորման:
Իրավապաշտպանները Նարդարանի իրադարձությունների գործով ազատազրկվածներին համարում են քաղբանտարկյալներ:
Բաքվից ընդամենը 25 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Նարդարանը հայտնի է իր խիստ իսլամապաշտ բնակչությամբ։ Խորհրդային տարիներից ի վեր մոտ 10 հազար բնակչություն ունեցող շրջանը կառավարվում է ավագների խորհրդի կողմից, որը չի ենթարկվում տեղական ինքնակառավարման մարմիններին։
Նարդարանի և պաշտոնական Բաքվի միջև լարվածությունը գագաթնակետին է հասել նոյեմբերի 26-ին, երբ ցերեկային նամազի ժամանակ Ադրբեջանի իրավապահները ներխուժեցին ավան, ինչն էլ հարուցեց հավատացյալների դժգոհությունը։ Ըստ ոստիկանության՝ հավատացյալները հարձակվել են իրավապահների վրա, զինված դիմադրություն են ցույց տվել, ինքնաձիգից կրակել են, ոստիկաններն էլ պատասխան կրակ են բացել:






