Ղազախստանն արգելել է անանուն մեկնաբանությունների հրապարակումը համացանցում: Այդ նորամուծությունն ամրագրվել է օրենսդրորեն, համապատասխան օրենքը ստորագրել է երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
Ըստ օրենքի, ինտերնետ ռեսուրսների սեփականատերերին կպարտավորեցնեն նույնականացնել մեկնաբանողներին էլեկտրոնային թվային ստորագրության միջոցով կառավարության պորտալում կամ SMS-նույնականացման միջոցով՝ մեկանգամյա գաղտնաբառի օգնությամբ: Օգտատերը կկարողանա տեղադրել իր մեկնաբանությունները կայքում իր անունով կամ կեղծանունով, գրում է ՏԱՍՍ-ը:
Ըստ օրենքի հեղինակների, օգտատիրոջ նույնականացումը չի խանգարում նրան հայտնել իր կարծիքը, սակայն ներքուստ ստիպում է ավելի կարգապահ լինել, քանի որ որոշ օգտատերեր համարում են, որ անանուն մեկնաբանությունը թույլ է տալիս իրենց վիրավորել ազգային հողի վրա, բռնության կոչեր անել, ապատեղեկատվություն տարածել:






