Իսպանական բանտերից մեկի կալանավորն ուշքի է եկել հիվանդանոցի դիահերձարանում, որտեղ հայտնվել է այն բանից հետո, երբ 3 բժիշկ հաստատել է նրա մահը:
Գոնսալո Մոնտոյա Խիմենեսն իր պատիժը կրում էր Աստուրիա գավառի բանտում: Նա ուշքի է եկել մարմինը հերձելուց մի քանի ժամ առաջ, գրում է BBC-ին իսպանական ԶԼՄ-ների վրա հղումով:
Ըստ նրա ընտանիքի անդամների, Խիմենեսի մարմնին արդեն առկա էին դիահերձումից առաջ արվող նշանները: «Նրան պատրաստել էին հերձման»,-ասել են նրանք տեղական La Voz de Asturias թերթին տված հարցազրույցում:
Այժմ այդ անձը բժիշկների հսկողության տակ է: Ենթադրվում է, որ Խիմենեսի մոտ գրանցվել է կատալեպսիայի նոպա, ասել են հիվանդանոցում իսպանական Telecinco հեռուստաալիքին:
Կատալեպսիայի ժամանակ մարդու մոտ կենսագործունեության ֆունկցիաներն այնքան են դանդաղում, որ երբեմն նա մահացած է թվում: Սակայն ախտորոշումը դեռևս պաշտոնական հաստատում չի ստացել:
Չկայացած մահն արձանագրել էր բանտում աշխատող 3 բժիշկ: Նրանք կարգադրել էին, որ կալանավորի մարմինը տեղափոխվի Օվիեդոյի դատական բժշկության դիահերձարան՝ հետագա զննության և մահվան պատճառն ախտորոշելու համար:






