AM
11 Հունվար 2018 - 07:34 AMT

Հոքինգ. Երկիր մոլորակը դժոխքի կվերածվի սաստիկ շոգի պատճառով

Անգլիացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը կարծում է, որ Երկիր մոլորակը կրկնելու է Արեգակնային համակարգի մեկ այլ մոլորակի՝ Վեներայի ճակատագիրը: Ըստ նրա, կլիմայի փոփոխության հետևանքով մարդկությունը կարող է ոչնչանալ, իսկ Երկիրը տապի պատճառով իսկական դժոխքի կվերածվի:

Եթե մարդկությունը չկասեցնի ջերմոցային գազերի արտանետումները, վաղ թե ուշ Երկրի միջին ջերմաստիճանը կհասնի 460 աստիճանի Ցելսիուսի սանդղակով, հայտնում է life.ru-ն:

Գիտնականները կարծում են, որ 4 մլրդ տարի առաջ Վեներան Երկրի ճշգրիտ պատճենն է եղել՝ մթնոլորտով, ծովերով ու բուսականությամբ, սակայն մի շարք պատճառներով մոլորակն ուղղակի «այրվել է»: Հաշվի առնելով, որ Եկիր մոլորակի միջին տարիքը գնահատվում է 4,5 մլրդ տարի, Երկիրն անկենդան անապատի կվերածվի արդեն 500 մլն տարի անց:

Հոքինգը հիշատակել է միջազգային համաձայնագրերը, որոնք ուղղված են թունավոր արտանետումների մակարդակի նվազեցմանը: Ֆիզիկոսը մեղադրել է ԱՄՆ նախագահին մոլորակը «մահվան դատապարտելու մեջ», քանի որ ԱՄՆ-ն դուրս է եկել Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրից:

Ավելի վաղ Սթիվեն Հոքինգը կանխատեսել էր, որ մարդկությունը կանհետանա մինչև 2600 թվականը: Ըստ ֆիզիկոսի, քաղաքակրթությանը սպառնում է գերբնակեցում: Նա նշել էր նաև, որ աճում է էներգիայի սպառումը, որի հետևանքով Երկիրը կվերածվի հրե գնդի:

Սթիվեն Հոքինգը Քեմբրիջի համալսարանի մաթեմատիկայի նախկին պրոֆեսոր է և «Ժամանակի կարճ պատմությունը» գրքի հեղինկաը, որը միջազգային բեսթսելեր է դարձել: