AM
29 Հունվար 2018 - 10:32 AMT

Ռուսաստանում 1,6 կգ քաշով զմրուխտ են գտել

1,6 կգ քաշով զմրուխտ են գտել Ռուսաստանում՝ Ուրալի Մալիշևի հանքավայրում: Այդ մասին հայտնում է ՌԴ Սվերդլովսկի շրջանի տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտը:

Ըստ մասնագետների, նման գտածոներ լինում են 10 տարին մեկ, գրում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ քարը ժամանակին են նկատել և հանել են հորատանցքից՝ պահպանելով նախնական տեսքը: Կիսաթափանցիկ բաց կանաչ քարն արդեն գնահատել են Ռուսաստանի Գոխրանի մասնագետները՝ ըստ որակի այն դասվում է 2-րդ կարգին, ըստ գույնի՝ նույնպես:

Ըստ նախնական գնահատականի, արժեքը գերազանցում է 4 մլն ռուբլին: Նոր հայտնաբերված զմրուխտը դեռ անուն չունի:

Մալիշևի ավանի հանքավայրը զմրուխտների ամենամեծ հանքավայրն է Եվրոպայում և միակը Ռուսաստանում: Տարեկան ձեռնարկությունը մշակում է 93.700 տոննա հանքանյութ: Ամեն օր արդյունահանվում է մոտ 1,5 կգ զմրուխտ, 30 կգ բերիլ, 100գ ալեքսանդրիտ: