Ռիգայում ստորագրվել է համատեղ հայտարարություն Հայաստանի Ազգային Ժողովի եւ Լատվիայի Սեյմի միջեւ Եվրամիության օրենսդրության հետ իրենց ազգային օրենսդրությունների համաձայնեցման մասին համագործակցության վերաբերյալ: Հայտարարության համաձայն, երկու երկրներն էլ իրենց ապագան տեսնում են եվրոպական ընտանիքում, որպես այդ կազմակերպության լիիրավ անդամ: Երկու երկրների խորհրդարանականները հավաստիացնում են, որ ազգային օրենսդրությունների համաձայնեցումը եվրոպական չափանիշներին հիմնական նախապայմանն է Եվրամիությանը անդամակցելու հարցում: Նշված է, որ հայկական օրենսդրությունը եվրոպականի հետ համաձայնեցնելու աշխատանքներն արդեն սկսվել են, ինչը կնպաստի Հայաստանի ինտեգրմանը եվրոպական իրավաբանական դաշտին: Հուշագիրը նաեւ ամրապնդում է Լատվիայի եւ Հայաստանի ձեռքբերումները ժողովրդավարության զարգացման ճանապարհին, որտեղ մեծ է խորհրդարանների դերը: