Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի մարտիկները 3 հատուկ գործողություն են իրականացրել թուրք զինվորականների դեմ Աֆրինի շրջանում: Քրդական ինքնապաշտպանական ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Ռեյզան Հեդուն հայտարարել է, որ 15 թուրք զինծառայող է սպանվել:
«Այսօր մեր մարտիկները 3 հատուկ գործողություն են անցկացրել թուրքական բանակի և դրան ենթարկվող ահաբեկչական խմբավորումների դեմ: Առաջինն իրականացվել է Բյուլբյուլի շրջանում, ավելի հստակ՝ Բուկի և Ալիկարու գյուղերի միջև»,–ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ նախնական տվյալների, թուրքական կողմից 15 զինծառայող է սպանվել, տասնյակ վիրավորներ կան: Հեդուն հավելել է, որ թուրքական ավիացիան ինտենսիվ ավիահարվածներ է հասցրել Բյուլբյուլի և Ջանդերեսի շրջաններում, ռմբակոծվել են Ռաջու բնակավայրին հարող գյուղերը: «Վերջին տվյալներով Աֆրինի հրթիռակոծման հետևանքով 9-ամյա երեխա է մահացել, 11 մարդ վիրավորվել է»,-ասել է Հեդուն:
Ավելի վաղ Անկարան հայտարարել էր, որ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շրջանակում սիրիական Աֆրինի 2 գյուղ անցել է Թուրքիայի ԶՈւ և ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակի վերահսկողության տակ:
Անկարան հունվարի 20-ին Աֆրինի քրդերի դեմ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունն է սկսել: Որպես Թուրքիայի դաշնակիցներ են հանդես գալիս Սիրիայի ազատ բանակի գրոհայինները: Ռազմական գործողության մեկնարկից 2 օր անց Էրդողանը հայտարարեց, որ թուրքական զորքերը կհեռանան Սիրիայից, հենց որ գործողության նպատակն իրականացվի: Նա նշեց, որ Թուրքիայի գործողություններն ոչ թե քրդերի դեմ են ուղղված, այլ ահաբեկչական միջանցքի ստեղծման:
Դամասկոսը դատապարտել է թուրքական ներխուժումը և մեղադրել Անկարային ահաբեկիչներին սատարելու մեջ: Քրդերը մեղադրել են ՌԴ-ին դավաճանության մեջ, իսկ Կրեմլը կոչ է արել բոլոր կողմերին զսպվածություն դրսևորել և հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը:






