Մարտի 5-ին հայկական պատվիրակությունը կմեկնի Փհենչհան՝ ձմեռային պարալիմպիկ խաղերին մասնակցելու համար: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիպիական կոմիտեի պաշտոնական կայքը:
ՀՀ-ն դեռևս մեկ ներկայացուցիչ ունի. դահուկավազքում երկիրը կներկայացնի Ստասիկ Նազարյանը:
Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը հայտնել է, որ իրենք անում են հնարավոր ամեն բան՝ Փհենչհան-2018-ում երկրորդ մասնակիցն ունենալու համար:
«Ցանկանում ենք, որ Փհենչհանում հանդես գա նաև լեռնադահուկորդ Սասուն Հակոբյանը: Նա Չեխիայում պետք է մասնակցեր վարկանիշային մրցաշարի, սակայն, Հայաստանում Չեխիայի դեսպանատունը մեզ չընդառաջեց վիզայի հարցում: Այժմ դիմել ենք միջազգային պարալիմպիկ կոմիտե, որ մեր լեռնադահուկորդին թույլ տան մասնակցել խաղերին»,- ասել է Հակոբ Աբրահամյանը:
Նախնական տվյալներով, Փհենչհանի պարալիմպիակ խաղերին կմասնակցեն 42 երկրի մոտ 550 մարզիկ: Պարալիմպիկ խաղերը կկայանան մարտի 9-18-ը: