AM
2 Մարտ 2018 - 07:15 AMT

Պուչդեմոնը հրաժարվել է կրկին ղեկավարել Կատալոնիան

Կատալոնիայի նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնը, որին Իսպանիայի կենտրոնական կառավարությունը 2017-ի նոյեմբերին հեռացրել էր Կատալոնիայի կառավարումից և որին պաշտոնում վերականգնել էր խորհրդարանը, հրաժարվել է կրկին ղեկավարել ինքնավարությունը: Twitter-ում հրապարակված իր տեսաուղերձում Պուչդեմոնը հայտարարել է, որ այդ քայլը ստեղծված պայմաններում նոր կառավարություն ձևավորելու միակ հնարավորությունը կլինի Կատալոնիայի համար:

Որպես թեկնածու Պուչդեմոնն առաջարկել է Ժորդի Սանչեսի թեկնածությունը, որը գտնվում է իսպանական բանտում անջատողականության համար մեղադրանքով: Ինքը Պուչդեմոնն Իսպանիայի իրավապահներից թաքնվում է Բելգիայում, գրում է Deutsche Welle-ն:

Խորհրդարանականները մտադիր էին Բելգիայում ստեղծել այսպես կոչված Ներկայացուցիչների մշտական վեհաժողով և Կատալոնիայի Խորհրդի վարչակազմ, որոնց միջոցով Պուչդեմոնը տեսականորեն կկարողանար կառավարել Կատալոնիան:

Մինչդեռ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ Կատալոնիային հրատապ նախագահ է պետք, սակայն ընտրել նրան արդարադատության հետ խնդիրներ ունեցող քաղաքական գործիչների թվից, «մեծ սխալ» կլինի: Պուչդեմոնի ընտրությունն, ըստ Ռախոյի, չի նպաստի իրավիճակի կարգավորմանը Կատալոնիայում:

Իսպանիայի կառավարությունը 2017-ի նոյեմբերին պաշտոնանկ արեց Կատալոնիայի վարչակազմին և զրկեց լիազորություններից տարածաշրջանային խորհրդարանին: Պատճառը տեղի քաղաքական գործիչների կողմից անկախության հանրաքվեի կազմակերպումն էր և ինքնիշխան կատալոնական հանրապետության հռչակումը: Իսպանիայի ՍԴ-ն այդ գործողությունները համարեց ապօրինի: