Ադրբեջանից գազի առաքումներն ապահովելու նպատակով Գերմանիայի կառավարությունը մտադիր է խոշոր վարկ տրամադրել ադրբեջանական պետական ձեռնարկությանը գերմանական բանկում: Այդ մասին ասվում է ԳԴՀ ֆինանսների նախարարության ներկայացուցչի նամակում, որը հասցեագրված է բունդեսթագի բյուջետային կոմիտեի նախագահ Պետեր Բյորինգերին:
Վարկը կկազմի 1,5 մլրդ դոլար, գրում է Deutsche Welle-ն dpa-ի վրա հղումով:
«Այդ գազի մատակարարումը զգալի ավանդ կլինի Եվրոպայի և Գերմանիայի գազամատակարարման ապահովման գործում»,-ասվում է նամակում:
E.on էներգետիկ կոնցերնը դեռ 2013-ին էր երկարաժամկետ պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ Կասպից ծովի հանքավայրից բնական գազի առաքման վերաբերյալ: Ըստ պայմանագրի, գերմանական կողմը 2020-2040թթ. պետք է տարեկան 1,45 մլրդ խմ գազ ստանա Ադրբեջանից:






