Մարտի 14-ին՝ հավակնորդների մրցաշարի չորրորդ տուրում, Լևոն Արոնյանը հաղթանակ է տոնել ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինի նկատմամբ։ Լևոնը հանդես էր գալիս սևերով, նավակային վերջնախաղում նա իրացրել է երեք զինվորի առավելությունն ու տոնել հավակնորդների մրցաշարի առաջին հաղթանակը։
Մյուս զույգերից Գրիշչուկ-Դինգ, Մամեդյարով-Սո պարտիաներն ավարտվել են հաշտությամբ, հայտնում է chess.am-ը:
Մարտի 15-ին կայանալիք հինգերորդ տուրում Լևոնի հակառակորդն Ալեքսանդր Գրիշչուկն է։ Մյուս մրցակցող զույգերն են՝ Ֆաբիանո Կարուանա – Սերգեյ Կարյակին,Ուեսլի Սո – Վլադիմիր Կրամնիկ,Լիրեն Դինգ – Շահրիյար Մամեդյարով:
Հավակնորդների մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով՝ երկու շրջանով` տասնչորս խաղափուլով: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ` ս.թ. նոյեմբերի 9-28-ը, Լոնդոնում: Մրցաշարի կազմակերպիչներն են Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) և նրա կոմերցիոն գործընկեր «Ուորլդ Չես» կազմակերպությունը: