AM
16 Մարտ 2018 - 08:00 AMT

Ստամբուլի փողոցներից մեկը կկոչվի Հրանտ Դինքի անունով

Ստամբուլի Շիշլի շրջանի համայնքային խորհուրդը որոշում է ընդունել շրջանի փողոցներից մեկը վերանվանել Թուրքիայում հրատարակվող «Ակոս» հայկական թերթի հիմնադիր և խմբագրապետ, 2007-ի հունվարի 19-ին Ստամբուլում սպանված հայ լրագրող Հրանտ Դինքի անունով:

Որոշում է ընդունվել նաև մեկ փողոց էլ վերանվանել սպանված թուրք լրագրող Ուղուր Մումջուի անունով: Շիշլիի համայնքապետարանի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ շրջանի «Ըշըք» փողոցը կվերանվանվի Ուղուր Մումջուի, իսկ «Սամանյոլու» փողոցը՝ Հրանտ Դինքի անունով, հայտնում է Ermenihaber-ը:

Շրջանի ղեկավարության ընդունած որոշումն ուղարկվել է Ստամբուլի քաղաքային խորհրդի հաստատմանը: Հաստատումից հետո փողոցների անվանումները պաշտոնապես կփոխվեն:

Շիշլի համայնքի ղեկավար Հայրի Ինոնյուն նշել է, որ իրենք ցանկանում են ապրեցնել 2 մտավորականների անունները, որոնք զոհվեցին հանուն մամուլի ու ժողովրդավարության:

Հրանտ Դինքը պոլսահայ լրագրող էր, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիրը, Թուրքիայի մտավորականերից մեկը, որը հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով։ Հայոց ցեղասպանության հարցում, հակադրվելով Թուրքիայի պաշտոնական տեսակետին, Դինքը բազմիցս հալածվել է. 2005 թ. դատապարտվել է 6-ամսյա պայմանական բանտարկության։

Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավու՛ր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա:

հունիսին Հրանտ Դինքին շնորհվում է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ։ Ըստ ՀՀ նախագահի՝ առաջին անգամ էր, որ նախագահի մրցանակը հանձնվում է հետմահու։